«Քաղաքային էնդոկրին դիսպանսեր»-ի սրտաբանին հոգեմետ նյութի ապօրինի դուրս գրման մեղադրանք է առաջադրվել
ՀասարակությունԵրևանի բնակիչ Նունե Ամատունիին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի առաջին մասի և 268-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
Նունե Աշոտի Ամատունին, իր և «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր»-ի գլխավոր բժիշկ Անուշ Բունիաթյանի միջև կնքված թիվ 10 աշխատանքային պայմանգրի համաձայն, 2006 թվականի հունվարի 3-ից աշխատելով «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր»-ում որպես սրտաբան, 2014 թվականի մարտի 14-ին թիվ 13 դեղատոմսով Վերժինե Վարոսյանի անվամբ ապօրինի դուրս է գրել Դիազեպամ 10մգ տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի 48 հատ դեղահաբ:
Վերը նշված քրեական հոդվածներով՝ մեղադրյալին սպառնում է երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկում:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը Նունե Ամատունիի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: