Չարորակ նորագոյացությունների վիրահատությունը կա´մ անվճար է, կա´մ համավճարով
ՀասարակությունԱյսօր Orer.am-ի խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի, ով խնդրեց օգնել իրեն հասկանալու, թե չարորակ նորագոյացությունների վիրահատություններն արդյո՞ք պետպատվերի շրջանակում չեն իրականացվում: Ծանոթներից իրեն հասած տեղեկության իսկությունը ճշտելու համար կինը դիմել էր իր տարածքային պոլիկլինիկա, սակայն այնտեղ նրան պատասխանել էին, որ իրենք նման որոշման մասին տեղեկություն չունեն:
Քաղաքացին, բուժհաստատություններից հուսահատված, զանգահարել էր Orer.am-ի խմբագրություն և խնդրում էր օգնել իրեն պարզելու, թե իրականում կա արդյոք կառավարության կողմից ընդունված որոշում, համաձայն որի՝ քաղցկեղով հիվանդ և անհապաղ վիրահատության ենթակա քաղաքացիները կարող են չարորակ նորագոյացություններից «ազատվել» պետպատվերի շրջանակում:
Հարցի մասին պարզաբանում ստանալու համար Orer.am-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանին, ով տեղեկացրեց, որ կառավարության 1515-Ն որոշման համաձայն, չարորակ նորագոյացությունների վիրահատությունը կատարվում է անվճար, եթե հիվանդն ընդգրկված է պետության կողմից հաստատված սոցիալական խմբերից որևէ մեկում: Իսկ մնացած դեպքերում՝ 7 տարեկանից բարձր և որևէ սոցիալական խմբի չպատկանող քաղաքացիները, անկախ տարիքից, օգտվում են միայն համավճարի իրավունքից, եթե նորագոյացության վիրահատությունն իրականացվում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:
Հ. Գ. Ձեր իրավունքների մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 52 – 88 – 72:
Արմինե Գրիգորյան