Որո՞նք են զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց կանխարգելման միջոցները
ՀասարակությունԱյսօր Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարին է: Թեպետ օրը տոնական է, այնուամենայնիվ, բացթողումների մասին խոսելն ու դրանք շտկելը հաջողության գրավականներից է: Orer.am-ը փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ զրուցեց զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ու դրանց կանխարգելման մասին:
«Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունները նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքով և դրանք են՝ հրամանը չկատարելը, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որն էական վնաս է պատճառել ծառայության շահերին, պետին դիմադրելը կամ նրան զինվորական ծառայության պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը, պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, զինծառայողին վիրավորանք հասցնելը, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը, զինծառայողի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը, վախկոտության կամ փոքրոգության պատճառով կամովին գերի հանձնվելը»,- ասաց նա:
Թվարկելով ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունները՝ փաստաբանը խոսեց նաև դրանց կանխարգելման մասին. «Հանցագործությունների կանխարգելման ամենալավ տարբերակը կրթվելն ու քաղաքակրթվելն է: Որպես կանխարգելման լավագույն միջոց է նաև պատժի անխուսափելիության ապահովումը»: