Քննիչների վարույթում է դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը
ՀասարակությունՔաղաքացի Հայկ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, հանդիսանալով «Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպության անդամ, դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի թիվ 8/21 տեղամասում, որտեղ asparez.am ինտերնետային կայքի ներկայացուցիչ Նարինե Օ.-ն քվեարկության ընթացքում տեղի ունեցող խախտումներին չարձագանքելու և չարձանագրելու համար իրեն առաջարկել է 20 հազար ՀՀ դրամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, Նարինե Օ.-ի կողմից Հանրաքվեի ընթացքում դիտորդ Հայկ Հ.-ի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելու միջոցով խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն: