Վարդենյաց լեռնանցքում երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնելու համար կատարվում են լայնացման աշխատանքներ
ՀասարակությունՄարտունի-Գետափ միջպետական ճանապարհը Վարդենյաց լեռնացքում մի քանի օր փակ մնալուց հետո մասամբ անցանելի է դարձել փետրվարի 11-ի առավոտյան, իսկ ամբողջությամբ երթեւեկելի կլինի փետրվարի 11-ի երեկոյան:
Ինչպես տեղեկացրin ճանապարհի ձմեռային սպասարկում իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ի պատասխանատու Աղասի Ղուկասյանը, այս պահին ճանապարհաշինարարները լայնացնում ու ձյան կուտակումներից մաքրում են ճանապարհը: «Առատ տեղումների ու բքերի հետեւանքով տասնյակ կիլոմետրերի վրա կուտակվել էր ձյան բարձր շերտ, որը մաքրվել է մի քանի օրերի ընթացքում: Ճանապարհի լայնացման աշխատանքներն ավարտելու եւ լիարժեք անցանելիությունն ապահովելու համար ճանապարհաշինարարներին մնում է հաղթահարել մոտ 2 կիլոմետր երկարություն: Հուսով ենք, որ մինչեւ երեկո մարտունի-Գետափ ճանապարհը կլինի լիովին երթեւեկելի:Ամբողջովին երթեւեկելի է նաեւ մեր սպասարկման ներքո գտնվող Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհը»,-նշեց Աղասի Ղուկասյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից ստացված տվյալներով, փետրվարի 11-ի կեսօրվա դրությամբ բաց եւ երթեւեկելի են մարզի հանրապետական, միջպետական ու միջհամայնքային նշանակության մնացած բոլոր ճանապարհները:
Խոսրով Խլղաթյան