Մոսկվայում բացվել է արցախյան ընկերությունների համար մշտական գործող խանութ- տաղավար
ՀասարակությունՄոսկվա քաղաքում փետրվարի 12-ին բացվել է Արցախում արտադրվող տարբեր ապրանքատեսակների՝ մշտական գործող խանութ-տաղավար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ղարաբաղ կարպետ» ընկերության ղեկավար Սևակ Խաչատրյանը, ով մասնակցել է խանութի բացման հանդիսավոր արարողությանը, «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ այն բացվել է Մոսկվայի «Արմենիա» տաղավարում (նախկին՝ ВДНХ, павльон Армения):
«Մեր ընկերության արտադրանքը ևս ներկայացված է խանութում, և ուրախությամբ պետք է նշեմ, որ բացի «Ղարաբաղ կարպետ»-ից Արցախից ներկայացված են «Արցախբիո», «Արցախֆրուտ», «Արցախբերի», «Էլիտ», «Ռեյփսիդ» և «Կատարո» ընկերությունների արտադրատեսակները, ինչը, կարծում եմ, լուրջ ձեռբերում է արցախյան արտադրանքն իրացնելու համար»,-ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ առիթով իր երախտագիտությունն է հայտնում ԼՂՀ կառավարությանը, քանի որ ծրագիրն իրականություն է դարձել պետական աջակցության շնորհիվ:
Խանութ-տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ հասարակական գործիչներ, հայազգի գործարարներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

