Անցյալ տարի հանրապետությունում արձանագրվել է 15 003 արտակարգ դեպք և պատահար
Հասարակություն2015 թվականին հանրապետությունում արձանագրվել է 15 003 արտակարգ դեպք և պատահար:
Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
«Գրանցեցինք դեպքերով բավականին առատ տարի: Այդ դեպքերի հետևանքով զոհվել է 442 մարդ և տուժել 9226-ը: 2014 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած` արտակարգ դեպքերն աճել են 2927-ով (24,2 տոկոս): Դեպքերի մեծ թվով աչքի ընկան տեխնածին արտակարգ պատահարները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հովհաննես Խանգելդյանը:
Նրա խոսքով` բացի այդ գրանցվել են սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքեր: «Զոհերի գերակշիռ մասը գրանցել ենք տեխնածին արտակարգ պատահարների հետևանքով. 386 զոհ ունեցանք, որից 346-ը` ճանապարհատրանսպորտային պատահարներից»,-ընդգծեց Հովհաննես Խանգելդյանը:
ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի խոսքով` գրանցվել են նաև հրդեհների, թունավորումների դեպքեր: «Ունեցել ենք նաև զինամթերքի հայտնաբերման դեպքեր, հատկապես աչքի է ընկել մայրաքաղաքը, որտեղ 125 դեպք է գրանցվել` 68 զենքի և 57 զինամթերքի հայտնաբերման առնչությամբ: Մարզերից Արագածոտնում 49 դեպք է գրանցվել»,-նշեց նա: