Հայաստանի երկու բուհ կրկին քննություն է հանձնում
Հասարակություն«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի՝ ՈԱԱԿ-ի լրատվական ծառայությունը Orer.am-ին տեղեկացնում է, որ բուհերի հավատարմագրման կարգի համաձայն՝ երկու տարով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած հաստատությունները 6 ամիսը մեկ պարբերականությամբ ՈԱԱԿ-ին հաշվետվություն պետք է ներկայացնեն փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի իրագործման վերաբերյալ:
Իսկ 4 և 6 տարով հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ ինստիտուցիոնալ ներքին գնահատում պետք է իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ-ին:
Եթե պարզվի, որ բուհը չի հետևում փորձագիտական խմբի խորհրդատվությանը, չի ապահովում թերությունների վերացման հաստատված ծրագրի իրագործումն ու նպատակների իրականացումը, ապա, Հավատարմագրման կարգի համաձայն, կարող է չեղարկվել այդ ուսումնական հաստատությանը տրված հավատարմագրումը:
Այդ շրջանակներում երկու տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերից երկուսը փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի իրագործման վերաբերյալ իրենց առաջին հաշվետվություններն են ներկայացրել ՈԱԱԿ-ին:
Կառույցի մասնագետներն արդեն ուսումնասիրել են Երևանի Հյուսիսային համալսարանի հաշվետվությունը` գնահատելով թերությունների վերացման ծրագրի իրագործման ընթացքը:
Այժմ ուսումնասիրվում է նաև «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի հաշվետվությունը:
Ա.Գ.