ՎԴՆԽ-ի «Հայաստան» տաղավարում բացվել է հայկական ապրանքատեսակների նոր սրահ
ՀասարակությունՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ու ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ՎԴՆԽ) տարածքում գտնվող «Հայաստան» տաղավարում փետրվարի 12-ին մասնակցել են հայկական ձեռնարկությունների կողմից արցախյան հումքով արտադրված ապրանքատեսակների նոր սրահի բացման արարողությանը:
Միջոցառմանը հանդես գալով բացման խոսքով` ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է, որ հայկական արտադրության տարատեսակ ապրանքների պահանջարկն օր օրի ավելի է աճում ռուսաստանյան շուկայում: Օլեգ Եսայանը վստահեցրել է նաև, որ նմանօրինակ նախաձեռնությունները նպաստում են հայկական արտադրության նոր ապրանքատեսակների հանրայնացմանը ռուսաստանցի սպառողների շրջանում:
Ելույթով հանդես է եկել նաև ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը` անդրադառնալով ներկայացված ընկերությունների տեսականու առանձնահատկություններին:
«Հայաստան» տաղավարի նոր սրահում ներկայացված ապրանքատեսականին ներառում է հայաստանյան տարբեր ընկերությունների արտադրության պահածոներ, մուրաբաներ, հյութեր, ինչպես նաև գինիների տեսականի: Սրահում ներկայացված է նաև «Armenian Carpet» ապրանքանիշի գորգերի տեսականին: