Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները բարեկարգել են զինվորական հուշահամալիրները եւ հուշարձանները
ՀասարակությունՀայրենիքի պաշտպանի օրվա տոնակատարության նախաշեմին Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները վերականգնել եւ բարեկարգել են ռուս զինվորների շուրջ 100 հուշարձաններ, գերեզմաններ եւ հուշահամալիրներ:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորներում միավորման զինծառայողները նորոգման եւ ներկման աշխատանքներ են կատարել «Ռազմական փառք», «Պատվի բլուր», «Տանկիստ զինվորների» հուշահամալիրներում եւ զինվորական այլ գերեզմաններում: Ռազմակայանի փակ զինվորական ավաններում ներկվել, վերականգնվել են ռազմական տեխնիկայի պատվանդանները եւ կարգի Է բերվել հարակից տարածքը:
Փետրվարի 23-ին Գյումրիի «Բոլշայա կրեպոստ» զինվորական ավանում տեղի կունենան հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան: «Ռազմական փառք» հուշահամալիրի մոտ հանդիսավոր զորաշարով կկանգնեն Գյումրիի կայազորի ստորաբաժանումները, կկայանա հանրահավաք, զինծառայողները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ կխոնարհեն ռուս զինվորների գերեզմաններին: