Գիրք նվիրելու օրվա առթիվ վարչապետը հյուրընկալել է մի խումբ դպրոցականների
ՀասարակությունԳիրք նվիրելու օրվա և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 19-ին կառավարությունում հյուրընկալել է հանրապետության մի քանի դպրոցների աշակերտների:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարին այցելելու՝ օրվա խորհրդին համահունչ նախաձեռնությունը դպրոցականներինն է եղել. նրանք շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին Գիրք նվիրելու օրվա առթիվ, հատվածներ արտասանել տարբեր գրողների ստեղծագործություններից և վարչապետին գրքեր են նվիրել:
Իր հերթին շնորհավորելով երեխաներին օրվա առթիվ՝ Հովիկ Աբրահամյանը նրանց հորդորել է շարունակել լավ սովորել և հաջողություններ արձանագրել ուսման մեջ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակական հնարավորություններ է ստեղծում, որպեսզի մատաղ սերունդը որակյալ կրթություն և գիտելիք ստանա: Կառավարության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել դպրոցականներին խելացի նախաձեռնության համար և նրանց գրքեր նվիրել: «Մենք առիթ ունենք ձեզնով հպարտանալու, և դուք կարող եք ձեր լավ կրթությամբ ու գիտելիքով կառուցել ամուր ու հզոր Հայաստանի Հանրապետություն», - ասել է վարչապետը: