Քննիչները պարզում են 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։
2016թ. փետրվարի 18-ին, ժամը 21.30-ին, «Աստղիկ» բ/կ-ից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հարավ-արևմտյան թաղամասի Շրջանային 2/2 հասցեում գտնվող «Ագաթ» ինստիտուտի մոտ հայտնաբերվել է 25-ից 30 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու դիակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայրի զննությամբ՝ ինստիտուտի հարակից տարածքի ճանապարհի երթևեկելի մասից դուրս, հողածածկ տարածքում, հայտնաբերվել է տղամարդու դիակ։
Պարզվել է մահացածի ինքնությունը, ով 1985թ. ծնված, Երևան քաղաքի բնակիչ Կառլեն Ակունցն է:
Դիակի արտաքին զննությամբ դատաբժիշկ փորձագետի կողմից բռնության ակնհայտ հետքեր չեն հայտնաբերվել:
Մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության ԴԲՓԳԳԿ-ին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ երիտասարդը դեպքի օրն օգտագործել է «մեթադոն» տեսակի թմրամիջոց, ինչից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի մահվան հանգամանքները, նրան թմրամիջոց իրացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։