Գյումրիում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 151-ամյակը
ՀասարակությունԳյումրիում փետրվարի 25-ին նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 151-ամյակը: Ինչպես միշտ, այս անգամ ևս Գյումրիում բոլորը հավաքվել էին Անդրանիկ զորավարի հուշարձանի մոտ: Ի հիշատակ մեծ հայդուկապետի՝ քաղաքային իշխանությունների, արվեստի ոլորտի, երաժշտական դպրոցների ներկայացուցիչներն ու դպրոցականները ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին զորավարի հուշարձանին: Գյումրու փողային նվագախումբը հանդես եկավ հայդուկական եւ ազգագրական երգերի կատարումներով:
«Հայ ժողովուրդն իր հերոսներով հանդերձ հավերժ է: Եւ՛ ներկայիս սերունդը, և՛ գալիքը պետք է ոգեկոչի, հիշի ու մեծարի մեր հերոսներին, որպեսզի նման ոգով դաստիարակենք նաև մեր մատաղ սերնդին: Քանի դեռ կա հայ ժողովուրդը, նրա հերոսներն անմահ են, և նրանց սխրանքը բոլորի հիշողությունների մեջ վառ կմնա»,-«Արմենպրես»-ի հետ զրուկցում նշեց Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթայանը:
Շուրջ երեսուն տարի Օսմանյան կայսրության դեմ մարտնչած հայդուկապետին, ով ստանձնեց նաեւ հայկական կամավորական առաջին գնդի հրամատարությունը, հիշել եւ արժևորել է պետք միշտ՝ իրենց խոսքում նշեցին ելույթ ունեցողները: «Նա լեգենդ էր թե՛ այն հասարակարգում, որը չընդունեց իրեն, եւ թե՛ այն հասարակարգում, որը լիովին իրենն է: Եվ դա է պատճառը, որ մեզանից շատերը Անդրանիկ զորավարին ազգային խորհրդանիշ են համարում»,-նշում էին հավաքվածները:
Արմենուհի Մխոյան