Քաղաքատեղի Արգիշտիխինիլի հուշարձանի տարածքից ուրարտական ժամանակաշրջանի իրեր են գողացել
ՀասարակությունԱրմավիրի մարզի Քաղաքատեղի Արգիշտիխինիլի հուշարձանի տարածքում (պետ. ցուցիչ՝ 3.71.1) Արմավիրի մարզի ոստիկանության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների արդունքում փետրվարի 24-ին հայտնաբերվել և ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկվել հուշարձանի տարածքում գանձագողությամբ զբաղվող երկու անձինք: Ինչպես տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, փաստի առիթով իրավապահների կողմից նյութեր են նախապատրաստվում: գանաձագողություն կատարած Էդուարդ Վարդանյանը և Միսաք Սիմոնյանը ստորագրությամբ բաց են թողնվել այն բանից հետո, երբ իրավապահներին են ներկայացրել հուշարձանի տարածքից ապօրինաբար հանված արժեքները:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ինեսսա Կարապետյանի փոխանցմամբ` երիտասարդները քանդել են ուրարտական ժամանակաշրջանի հուշարձանի արևմտյան ամրոցի վերևի շերտը: Նրանք յուրացրել են միջնադարյան (12-13 դ.) ժամանակաշրջանի դրամներ, պղնձադրամների կտրտանքներ, ուրարտական ժամանակաշրջանով թվագրվող նյութեր` ձիասահքի համալիր, սանձի լկամ, ճարմանդներ, զանգակներ, բրոնզե բոժոժներ և այլն: Ոստիկաններին ներկայացված գողոնը պատմամշակութային արժեք ներկայացնող արտեֆակներ են:
Գանձագողnերի կողմից մատնանշված հատվածը ժամանակին ուսումնասիրել և պեղել է հնագետ Հարություն Մարտիրոսյանը, սակայն, կան նաև չհետազոտված տարածքներ: Ինեսա Կարապետյանը չի բացառել նաև, որ նախաքննության ընթացքում գանձագողերը հնարավոր է այլ արժեքներ ևս հետ վերադարձնեն: