Ոստիկանները բացահայտել են Գեղամասարում կատարված սպանությունը. կա երկու ձերբակալված
ՀասարակությունՈստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է Գեղամասարում փետրվարի 23-ին տեղի ունեցած սպանությունը։
Ոստիկանության Վարդենիսի բաժնում փետրվարի 23-ին հաղորդում էր ստացվել, որ Գեղամասար գյուղի բնակչուհի, 1943 թ. ծնված Շուշանիկ Գյուլումյանն իր տան տանիքից վայր է ընկել և մահացել: Փետրվարի 26-ին քննչական բաժնից ոստիկանությունում տեղեկանք է ստացվել, որ դեպքի վայրի զննությամբ և Շ.Գյուլումյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ վերջինիս գլխին և պարանոցին առկա են վնասվածքների հետքեր, իսկ համաձայն մահվան մասին բժշկական վկայականի՝ կնոջ մահվան անմիջական պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը:
Ինչպես տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 23-ին, ժամը 13.30-ից մինչև ժամը 14-ի սահմաններում, Շ.Գյուլումյանը համագյուղացիներ՝ 1998 թ. ծնված Վահե Գևորգյանին և 1998 թ. ծնված Դավիթ Կարագոզյանին կանչել է իր տուն և խնդրել վերանորոգել ալեհավաքի մալուխը, ինչը տղաներին չի հաջողվել:
Շ.Գյուլումյանը նախատել է նրանց` մեղադրելով ալեհավաքը փչացնելու մեջ, ինչից հետո Վ. Գևորգյանը բռնել է Շ.Գյուլումյանին, իսկ Դ.Կարագոզյանը մետաղյա խողովակով հարվածել է նրա գլխին ու մեջքին:
Վ.Գևորգյանը Շ.Գյուլումյանին տարել է տուն և փորձել համոզել չբողոքել, սակայն Շ. Գյուլումյանը շարունակել է հայհոյել Վ. Գևորգյանին և ընկել է հատակին: Վ. Գևորգյանը ձեռքով սեղմել է կնոջ պարանոցը և շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:
Փետրվարի 26-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 117 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Վ Գևորգյանը և Դ.Կարագոզյանը ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն: