Կոմիտասի անվան պանթեոնը` սրբագույն տարածք. Մանսուրյանը և Փելեշյանը հարգանքի տուրք մատուցեցին հայ մեծերին
ՀասարակությունԻնչպես Նոյյան տապանն է մեր մաքրամաքուր կենտրոնը` բիբլիական ժամանակներից, այնպես էլ Կոմիտասի անվան պանթեոնն է սրբագույն տարածք:
Այս մասին նշեց ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը` ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ պանթեոն այցելելուց հետո:
«Այստեղ Փելեշյանն այցելեց Փարաջանովին. իր մտերիմ ընկերն էր: Նաև` իմ ընկերը: Այցելեցինք Հրանտ Մաթևոսյանին, մտերիմներ էինք: Երեքով շատ ժամանակ ենք անցկացրել միասին` պատմելով, հիշելով, ծիծաղելով: Այստեղ մեր մեծերի հսկայական աշխարհն է: Համո Սահյանին, Ֆրունզիկ Մկրտչյանին, Սոս Սարգսյանին այցի էինք եկել: Լավ այցելություն էր: Ինձ համար շատ սրտառուչ պահ էր Փելեշյանի հետ այցելել մեր մեծերին: Կոմիտասին այցելեցինք»,- նշեց կոմպոզիտորը:
Մանսուրյանը խոստովանեց` հաճախ է գալիս պանթեոն` այցելելու մեր մեծերին:
«Ինչպես Նոյյան տապանն է մեր մաքրամաքուր կենտրոնը` բիբլիական ժամանակներից, այնպես էլ այս պանթեոնն է սրբագույն տարածք: Գուցե և համազոր Արարատի գագաթի այդ տարածքին»,- հավելեց Տիգրան Մանսուրյանը:
Կոմիտասի անվան պանթեոնը հիմնադրվել է 1936 թվականին, երբ Կոմիտասի աճյունը մահից 1 տարի անց Ֆրանսիայից տեղափոխվել է Երևան և ամփոփվել այդտեղ։ Հետագայում գերեզմանատունը վերածվել է մշակույթի գործիչների և անվանի մարդկանց պանթեոնի։