Արամ Մանուկյանն Ընտրական օրենսգրքի քննարկումներին ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիայի անհրաժեշտություն է տեսնում
ՀասարակությունԸնտրական օրենսգրքի քննարկումներին մասնակցելու համար ընդդիմության միասնական պլատֆորմ ստեղծելու հարցում ՀԱԿ-ը պատաստ է համագործակցել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ: Փետրվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Մենք այս հարցում պատրաստ ենք համագործակցել թե «Հայկական վերածնունդ& raquo;-ի, թե ԲՀԿ-ի, թե «Ժառանգության» հետ: Ովքեր ցանկություն կհայտնեն, մենք կհամագործակցենք: Միակ նպատակը լինելու է լավ օրենքի նախագիծ ունենալը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Մանուկյանը:
Պատգամավորի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումների ընթացքում իշխանություններն ընդդիմության կարծիքը հաշվի կառնեն, եթե տեսնեն, որ կա ընդդիմադիր ուժերի լայն կոնսոլիդացիա: «Հակառակ դեպքում, մեր կարծիքը հաշվի չեն առնի: Ամեն դեպքում, մեզ համար հուսադրող է նաև դրսի կառույցների աջակցությունը»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:
Նա հստակեցրեց, որ ընդդիմադիրները հիմնականում պետք է համախմբվեն 4 հիմնական կետերն առաջ մղելու շուրջ: «Այդ կետերն են՝ ընտրություններից հետո ընտրական ցուցակների հրապարակումը, ընտրացուցակների մաքրումը, ընտրական ողջ գործընթացի նկարահանումը, կրկնաքվեարկությունները բացառելու նպատակով մատերի թանաքոտման կամ մատնահետքերի մեթոդի կիրառումը: Մենք վստահ ենք, որ այս ամենն անելու դեպքում ընտրությունների նկատմամբ վստահությունը կբարձրանա»,- եզրափակեց Մանուկյանը: