Ցանկության դեպքում ռուսական կողմը Պերմյակովի ծառայակիցներին Հայաստան դատակոչելու տարբերակ կգտնի. փաստաբան
ՀասարակությունՑանկության դեպքում ռուսական կողմը կկարողանա տարբերակ գտնել Պերմյակովի ծառայակիցներին Հայաստան դատակոչելու համար: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:
Խոսելով Պերմյակովի ծառայակիցների վկայության կարևորության մասին` Լուսինե Սահակյանը նշեց, որ ռուսական կողմի դատավարության ժամանակ Պերմյակովի վաշտի հրամանատար Նիկիշինը տեղեկացրել է, որ ինքն է ընտրել լավագույն զինվորներին` Հայաստան ծառայության ուղարկելու համար: Այդ իսկ պատճառով, Նիկիշինի վկայությունն անչափ կարևոր է, ավելին` դեպքի օրը Նիկիշինն է եղել հենակետի հրամանատարը:
«Նրանց Հայաստան դատակոչելու տարբերակների միջնորդության շուրջ դեռ կմտածենք: Մինչև այդ, նոր միջնորդություններ կլինեն նաև նոր վկաների վերաբերյալ, բայց ոչ այս փուլում: Իսկ այս փուլի համար անչափ կարևոր ենք համարում փաստաթղթերի ներկայացումից հետո դեպքի վայրի լուսանկարների և տեսագրությունների ցուցադրությունը, որին պետք է ներգրավվեն նաև լրատվամիջոցները, որպեսզի հասարակությունն ավելի լավ պատկերացում ստանա դեպքի մասին»,-նշեց Լուսինե Սահակյանը: