Հայկական ավանդական ուտեստները ներկայացվել են Բեռլինում կայացած Ֆրանկոֆոնիայի փառատոնին
ՀասարակությունԳերմանիայում ՀՀ դեսպանությունը մարտի 12-ին առաջին անգամ մասնակցել է Բեռլինում կազմակերպվող «Fete de la Francophonie» խորագրով ամենամյա փառատոնին, որին հրավիրվում են Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների դեսպանությունները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել առանձին տաղավարով, որում ներկայացվել են հայկական ավանդական ուտեստներ, քաղցրավենիք և հայկական արտադրության հյութեր: Տաղավարի բազմաթիվ այցելուներին առաջարկվել են նաև Հայաստանի զբոսաշրջությանն ու տնտեսությանը վերաբերող տեղեկատվական նյութեր և հուշանվերներ:
Միջոցառմանը նախորդած դեսպանների ճաշին Գերմանիայում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էտյենը շնորհակալություն է հայտնել Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին միջոցառմանը մասնակցելու և աջակցություն ցուցաբերելու համար:
Դեսպանությունը մասնակցել է նաև փառատոնի շրջանակներում կազմակերպված մանկահասակ այցելուների համար ծրագրին, որի ընթացքում մանուկների համար ֆրանսերենով ընթերցվել են Հովհաննես Թումանյանի հեքիաթները: