Կիպրոսում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարի կրկնօրինակը
ՀասարակությունՀայաստանի և Կիպրոսի հանրապետությունների միջև մշակութային համագործակցության շրջանակում, մարտի 16-ին Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից այգում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խաչքարի հանդիսավոր բացմանը ներկա կգտնվեն երկու երկրների նախագահները: Արարողությանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Կիպրոսի կրթության և մշակույթի նախարար Կոստաս Կադիսը:
Խաչքարի տեղադրման առաջարկը ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ՝ Կիպրոսի արտաքին գործերի նախարարության խնդրանքով:
Խաչքարը թվագրվում է 1598 թվականով, գույնը՝ բաց կարմրավուն: Ջուղայի խաչքարերը 15-17-րդ դարերի խաչքարային մշակույթի պատկերագրական, ոճական ու իմաստաբանական առումով խիստ եզակի երևույթ էին:
Տեղադրվող կրկնօրինակի հեղինակն անվանի վարպետ, խաչքարագործության մշակույթի յուրահատուկ դպրոցի հիմնադիրներից Ռուբեն Նալբանդյանն է: