ՄԻՊ աշխատակազմն աշխատում է տարեկան զեկույցի և ՄԻՊ նոր օրենքի մշակման ուղղությամբ
ՀասարակությունՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատում է ՄԻՊ տարեկան զեկույցը պատրաստելու ուղղությամբ: Դրանում տեղ են գտնելու նաև բոլոր այն խնդիրները, որոնք առաջ է քաշել նախկին պաշտպանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:«Ընթանում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքի մշակման աշխատանքները: Սա էլ չափազանց ծանրաբեռնված աշխատանք է, որովհետեև Սահմանադրությունում էլ կան նոր գործառույթներ, որոնք պետք է պարտադիր ձևակերպում ստանան: Պետք է հաշվի առնվեն նաև այն խնդիրները, որոնք միշտ եղել են, օրինակ՝ բողոքի քննարկման ընթացքում ինչպիսի՞ ընթացակարգեր կան, բողոքը քննելու ընթացքում պաշտպանն ի՞նչ հնարավորություններ կարող է գործադրել և այլն»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց Թաթոյանը:
Անդրադառնալով ՀՀ-ում քաղբանտարկյալների գոյության հարցին՝ պաշտպանն ասաց, որ այժմ սխալ է դրան իր պատասխանելը, որովհետև դա կլինի սիրողական մոտեցման արտահայտություն: «Սխալ է այդպիսի հարց դնելը, որովհետև պետք է դիտարկել առանձին մարմինների քննության արդյունքները, շրջանակը և այլն: Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող հենց այնպես վերցնել ու գնահատականներ տալ»,- ասաց նա: