Կառավարությունն առաջարկում է Հայաստանում վաստակավոր շինարարի կոչում սահմանել
ՀասարակությունԿառավարությունն առաջարկում է Հայաստանում վաստակավոր շինարարի պատվավոր կոչում սահմանել: Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ Պետական պարգևների և պետական կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ ժամանակին, երբ այս կոչումը հանվել է, արվել է այն պատճառով, որ ենթադրել են, թե տնտեսական ոլորտի բոլոր գործիչները կմիավորվեն վաստակավոր տնտեսական գործչի կոչման շրջանակներում:
«Սակայն մենք այն կարծիքին ենք, որ շինարարը տարբերվում է տնտեսության այլ ոլորտների գործիչներից: Մեր հարևան բոլոր երկրներն էլ այս կոչումը պահպանել են, իսկ մեր շինարարներն այս հարցի մասին պարբերաբար բարձրաձայնել են»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:
Նա հայտնեց, որ վերջերս հարցը բարձրաձայնվել է Հայաստանի շինարարների միության կողմից, ինչին կառավարությունը հավանություն է տվել: «Հաշվի առնելով, որ մենք ունենք շատ լավ մասնագետներ՝ խնդրում ենք, որպեսզի այս որոշումը պաշտպանի նաև Ազգային ժողովը»,- ասաց Սարգսյանը: