ՄԻԵԴ-ը հրապարակել է «Զալյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը
ՀասարակությունՄարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է վճիռը «Զալյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, գործը դատարան էին ներկայացրել ՀՀ զինված ուժերի նախկին ծառայողներ Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը՝ բողոքելով, որ կասկածվել են երկու այլ զինծառայողի սպանության մեջ և մեղքն ընդունել են բռնությունների և ճնշումների արդյունքում: Նրանք բողոքել էին նաև, որ ապօրինի կերպով ազատազրկված են եղել:
ՄԻԵԴ-ը միաձայն վճռել է, որ չի հայտնաբերվել խախտում Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով, որով արգելվում են կտտանքները և անմարդկային ու ինքնասիրությունը ոտնահարող արարքները: Միաժամանակ արձանագրվել է, որ նույն հոդվածով խախտվել է գործի քննությունը պատշաճ կերպով իրականացնելու ընթացակարգը:
Եվրոպական դատարանը վճռել է նաև, որ դիմողներից մեկի՝ Զալյանի նկատմամբ խախտվել են կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, որոնք առնչվում են ազատության և անվտանգության իրավունքին:
Դատարանը որոշել է, որ Հայաստանը պետք է որպես դրամական փոխհատուցում Զալյանին վճարի 20 հազար եվրո, իսկ Սարգսյանին ու Սերոբյանին՝ 15 հազարական: