Այս ամենից սովետիզմի տգեղ հոտ է գալիս. Նաիրա Զոհրաբյան
ՀասարակությունԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պետական պարգեւների եւ պետական կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող` ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին դիմելով, ասաց՝ որ այդպես է, եկեք վաստակավոր միջատաբանների կոչում էլ սահմանենք:
Նա նախ՝ նշեց, որ այս նախագիծն իրեն մանկության տարիներն են հիշեցնում, ապա ասաց. «Հիշեցի՝ երբ հեռուստացույցով նայում էի «Վրեմյան» ու տեսնում, թե ինչպես է Բրեժնեւը հերթական հանքափորի կրծքին կախում հերթական մեդալը: Ինձ համար անհասկանալի է նման առաջարկի մոտիվացիան:
Ի՞նչ է, շինարարները բողոքել են, ասել են` բոլորն ունեն վաստակավորի կոչում, մենք՝ ո՞չ: Այս ամենից սովետիզմի տգեղ հոտ է գալիս: Կոչումներն ընդհանրապես պետք է վերացնել ու պետք է առաջնորդվենք բոլոր քաղաքակիրթ երկրների տարբերակներով»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ եթե այդպես է, եկեք նաեւ վաստակավոր միջատաբանների կոչում էլ սահմանենք, քանի որ դա եւս շատ կարեւոր մասնագիտություն է: