Ո՞վ է վաստակավոր լրագրողի կոչում ստանում` նա, ով լավ քծնե՞ց, ով լավ հայհոյե՞ց. Արամ Մանուկյան
ՀասարակությունԿառավարության կողմից ներկայացված «ՀՀ պետական պարգեւների եւ պետական կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին դիմեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, թե պետությունը չէ, որ պետք է գնահատի ստեղծագործողի աշխատանքը:
«Շքանշաններն ու կոչումները տալիս են այն հասարակություններում, որտեղ չկա մրցակցություն»,- ասաց նա՝ հավելելով, որ չպետք է կաշկանդել ստեղծագործողին, իսկ պետությունը, այս կոչումները տալով, կաշկանդում է ստեղծագործողին:
«Հարուստ է երկիրն ազատ մարդկանցով, ազատ միջավայրով: Մարդուն ստեղծագործելու ազատ միջավայր տվող պետությունը լավագույն նվերն է հասարակությանը:
Կոչումներ տալով մտավորականին` պոկում են նրան հասարակությունից ու բերում են դեպի իշխանություն: Եկեք ազատ մարդուն կաշկանդող համակարգից ազատենք. սա ոչ մի լավ բանի չի բերում: Պատգամավորները կարող էին այսքան չըմբոստանալ, եթե չլինեին վերջին օրինակները»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը հիշեցրեց Արմենչիկին վաստակավոր երգչի կոչում տալու հանգամանքը՝ ասելով, որ եթե իսկապես արժանավորները ստանային, այսպիսի ըմբոստություն չէր առաջանա:
«Հիմա դիմում եմ լրագրողներին: Ո՞վ է վաստակավոր լրագրողի կոչում ստանում՝ նա, ով լավ քծնե՞ց, ով լավ հայհոյե՞ց:
Ինչո՞ւ եք մարդուն ասում` արի, ես քեզ տիրություն անեմ, պետության սահմանած արտոնություններից օգտվի եւ գիտե՞ք, իսկապես, մի մասը կուզի քծնել, մի մասը կուզի, որ իսկապես իր վաստակը գնահատվի: Թողեք մարդիկ ազատ ստեղծագործեն»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: