Պերմյակովի գործով դատական նիստին հրապարակվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները
ՀասարակությունԳյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Արմենպրեսի հաղորդմամբ` այս պահին հրապարակվում են փաստաթղթերը:
Դատարանն այսօր հրապարակել է մի քանի փորձաքննությունների եզրակացությունները. Պերմյակովը և նրա ծառայակիցները, ովքեր 2015թ. հունվարի 12-ին հերթապահություն են իրականացրել, ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության, համաձայն որի` նրանք թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ չեն եղել:
Հրապարակվել է նաև Բայանդուր գյուղի ուղեկալի տարածքում տեղազննման արձանագրությունը, համաձայն որի` ուղեկալից ոչ հեռու` պոմպակայանի մոտ, հայտնաբերվել է տնակ, որտեղ թաքնվել է Պերմյակովը: Տնակում հայտնաբերվել են անկողնային պարագաներ և հագուստ, ինչն էլ, ըստ պետական մեղադրողի, տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչու է Պերկյակովը ձերբալկալման ժամանակ եղել բարակ հագուստով:
Նախորդ դատական նիստն ընդմիջվել էր Պերմյակովի ինքնազգացողության վատացման պատճառով: Այս ընթացքում նա ենթարկվել է հետազոտման և այսօր` դատն սկսվելուց առաջ, հայտարարեց, որ իրեն լավ է զգում: