Արամ Մանուկյանը լքեց դահլիճը. Մարգարիտ Եսայանի օգնականն առաջ էր ընկել
ՀասարակությունՔիչ առաջ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովում միջադեպ տեղի ունեցավ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը փորձեց հարց ուղղել, սակայն, ինչպես պարզ դարձավ, ընդդիմադիր պատգամավորից առաջ գրանցվել էր ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը:
«Երբ այս պատգամավորները գրանցվեցին, ձեր պատգամավորները դահլիճում չէին, ընդամենը հերթգրման մեջ կեղծիք եք անում»,- ասաց Ա. Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորին ի պատասխան՝ նիստը վարող Հ. Սահակյանը պարզաբանեց, որ իրենց օգնականները գրանցումը նաեւ թղթային են ուղարկել: «Այսինքն՝ ո՞նց, նիստը նոր ենք սկսել, նրանք երե՞կ էին հերթագրվել, այսինքն՝ սա դուք կեղծում եք, արդարարությունի՞ց եք խոսում»,- հայտարարեց պատգամավորը:
Դիմելով ՀՀԿ-ակամ պատգամավոր Մարգարիտ Եսայանին, որին խոսքի հնարավորություն էին տվել, Ա. Մանուկյանն ասաց. «Դու որտե՞ղ էիր, որ մենք հերթագրվում էինք»: «Ես այստեղ էի, որտե՞ղ էի»,- ի պատասխան՝ ասաց Մ. Եսայանը:
Մ. Եսայանի պատասխանից հետո Ա. Մանուկյանը հայտարարեց, որ երբ Մ. Եսայանը եկել է, դահլիճում անգամ նստելու տեղ չի եղել և ինքը ֆիքսել է նրա ուշանալը: Մ. Եսայանը, փորձելով դուրս գալ իրավիճակից, ասաց. «Եթե պարոն Մանուկյանին դա կօգնի, թող ինքը խոսի իմ փոխարեն»: «Պարո´ն Մանուկյան, հերթականությամբ իմ մոտ գրանցված է, փաստաթուղթը կարող եմ տրամադրել ձեզ, այստեղ տենց բաներ մի´ արեք»,- ասաց Հ. Սահակյանը, սակայն Ա. Մանուկյանը լքեց նիստերի դահլիճը` չբարձրաձայնելով իր հարցը: