«Նոր Հայաստան» նախաձեռնության սակավամարդ երթն ավարտվեց Հայաստանում ԵՄ գրասենյակի մոտ
ՀասարակությունՀայաստանում Եվրոպական միության գրասենյակի մոտ ավարտվեց «Նոր Հայաստան» նախաձեռնության կազմակերպած երթը: Ի սկզբանե սակավամարդ հանրահավաքը մեկնարկել էր Ազատության հրապարակում, մասնակիցների թիվը չէր գերազանցում 200-ը: Հանրահավաքի ընթացքում բացման խոսքով ելույթ ունեցավ «Նոր Հայաստան» նախաձեռնության մամուլի խոսնակ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավեստիսյանը, ով կարևորեց իրենց պայքարի շարունակականությունը:
«Մեր պայքարը պետք է լինի շարունակական՝ անկախ այն հանգամանքից, այստեղ շատ մարդ կհավաքվի, թե քիչ: Ժամանակին մեր ժողովուրդը, փոքրաքանակ լինելով, կարողացավ Խորհրդային կայսրությունը մինչև հիմքերը ցնցել:
Մենք եղանք միակ ազգը նախկին խորհրդային պետության տարածքում, որ կարողացանք որոշակի չափով վերականգնել պատմական արդարությունը»,- ասաց Ավետիսյանը:
Նա հայտարարեց, թե պետք է հավատալ հայ ազգի զորությանը, ուժին. «Մենք չենք կարող այլ կերպ լինել: Պետք է այդպես շարժվենք առաջ ու հասնենք բաղձալի նպատակին, այն Հայաստանին, որը երազում ենք կառուցել»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Այնուհետև հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին Երևանում Եվրոպական միության գրասենյակ՝ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին նամակ հանձնելու: «Նոր Հայաստան» նախաձեռնության մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ միջոցառումն ավարտված է: «Մենք վերադառնում ենք ազատության հրապարակ: Ովքեր չեն ցանկանում մեզ հետ Ազատության հրապարակ վերադառնալ, կարող են գնալ իրենց առօրյա գործերով»,- ասաց Ավետիսյանը:
«Նոր Հայաստան» նախաձեռնության հանրահավաքին մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը: