Մայրաքաղաքում համայնքային և պետական բյուջեի միջոցներով երեք դպրոց կվերանորոգվի
Հասարակություն2016 թվականին մայրաքաղաքում համայնքային բյուջեի միջոցներով մեկ, իսկ պետական բյուջեով` երկու հանրակրթական դպրոց կվերանորոգվի: Այս մասին Երևանի ավագանու մարտի 18-ի նիստի հարց ու պատասխանի ընթացքում նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Հանրակրթական դպրոցներում վերանորոգման կարիք կա: Եթե հրատապ խնդիրներ են լինում, միջոցներ ենք գտնում խնդիրները լուծելու նպատակով: 2016 թվականին մեկ դպրոց համայնքային բյուջեի միջոցներով ենք վերանորոգելու, երկուսը` պետական բյուջեով: Ընդ որում`կապիտալ և ոչ մասնակի վերանորոգում է լինելու»,- նշեց Երևանի քաղաքապետը:
Տարոն Մարգարյանի խոսքով` վերանորոգումը կշարունակվի այն դպրոցներում, որոնցում այն ընթանում էր նախորդ տարվանից:
« Դպրոցների վերանորոգման համար փորձում ենք օգտագործել մեր բոլոր հնրավարությունները»,-ընդգծեց նա` շեշտելով, որ վերջին տարիներին նաև մանկապարտեզների վերանորոգման հետ կապված լուրջ աշխատանքներ են կատարվել: