Փաստաթուղթ կեղծելու գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ
ՀասարակությունՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժնում կատարված ստուգման արդյունքներով նույն ծառայության մոնիթորինգի և վերլուծության վարչության աշխատակիցների կազմած տեղեկանքում և դրա հիման վրա ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակիցների անցկացրած ծառայողական քննության եզրակացության մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներառելու դեպքի առթիվ Գ. Շ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում 2016 թվականի մարտի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Այնուհետև, ՀՀ գլխավոր դատախազը, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է: