Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը հավատարմագրում է անցնում
ՀասարակությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում: Հավատարմագրման գործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական խմբի այցը ՖԿՀՊԻ: Մարտի 21-24-ը փորձագետները հանդիպում-քննարկումներ կունենան ուսումնական հաստատության ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ինք նավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների հետ, կիրականացվի փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում:
Այս մասին տեղեկացրին ՈԱԱԿ հասարակության հետ կապերի բաժնից:
Փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՄՀ Կրթական բարեփոխումների և որակի վարչության պետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Ավագյանը: Փորձագիտական խմբի մյուս անդամներն են բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Սարգսյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Գայանե Մարմարյանը, Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) գլխավոր քարտուղար Յոհան Քլոթը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի Կառավարման ֆակուլտետի ուսանող Դավիթ Պետրոսյանը:
Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:
Մինչ բուհ այցելությունը փորձագիտական խումբն ուսումնասիրել է ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը: Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի արդյունքները և վերջնական զեկույց կներկայացնի: Դրա հիման վրա բուհը կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր:
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կազմած թերությունների վերացման ծրագրի վրա, որոշում կկայացնի: