Այդ ի՞նչ արտառոց բան է եղել, որ. 25 տարի է՝ մեզ հետապնդում են. պատգամավորները՝ Ն. Փաշինյանին գաղտնի տեսանկարահանելու մասին
ՀասարակությունՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրավոր կերպով արդեն դիմել է ԱԱԾ տնօրեն Գեւորգ Կուտոյանին՝ պարզելու, թե այդ ինչպես է ստացվում, որ անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորին գաղտնի հետեւում եւ տեսանկարահանում են: Ն. Փաշինյանը նաեւ ցանկանում է պարզել, թե ովքե՞ր են հետեւել իրեն եւ ինչո՞ւ են դա արել գաղտնի, զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք, ո՞ւմ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետեւումը, արդյո՞ք Հրազդանում կամ Երեւանում իր տեղաշարժերին հետեւում են, եթե այո՝ ովքե՞ր են հետեւող անձինք, ո՞ւմ հանձնարարությամբ եւ ի՞նչ նպատակով են դա իրականացնում:
Թե որքանով է ստեղծված իրավիճակը նորություն քաղաքական դաշտում վաղուց արդեն գործունեություն ծավալող անձանց համար եւ որքանով է ընդունելի, Orer.am-ը պարզեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից, ով հարցին պատասխանեց լակոնիկ. «Վատ եմ վերաբերվում»:
Իսկ պատգամավոր Ալիկ Արզումանյանն էլ ասաց. «Ես, բնականաբար, շատ վատ եմ վերաբերվում: Արդեն 25 տարի է՝ ամենօրյա բան է դարձել մեզ հետեւելը: Այդ ի՞նչ արտառոց բան է եղել, որ: Եթե մեր աշխատանքներին չխոչընդոտեն, այ, դա կլինի արտառոց դեպք, այդ ժամանակ կմեկնաբանեմ: Մեր պես երկրների համար նման բաները սովորական երեւույթներ են, քաղաքակիրթ երկրների համար դա դատապարտելի քայլ է»: Պատասխանելով այն հարցին, թե 25 տարվա մեջ ճնշումների եւ հետապնդումների ենթարկվողներն ինչ քայլերի են դիմել սեփական իրավունքները պաշտպանելու համար, պատգամավորը կեսկատակ- կեսլուրջ պատասխանեց, թե «որոշ ժամանակով տեղափոխվել ենք «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ»:
Հետաքրքրականն էլ այն է, որ թեպետ ողջ լրատվական դաշտը ողողված էր արդեն հայտնի դարձած տեսանյութով, բայց ՀՀԿ-ի նոր գործընկերներն այդպես էլ չէին նկատել այդ տեսագրությունը, ուստի, ինչպես նշեց ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը, առանց տեսանյութը դիտելու չի կարող մեկնաբանել. «Ես օդից չեմ խոսում, ես անձամբ չեմ տեսել այդ տեսանյութը եւ որեւէ բան ասել չեմ կարող: Պետք է հասկանամ՝ ինչի մասին է խոսքը գնում, որ կարողանամ դիրքորոշում արտահայտել»:
Սոսե Չանդոյան