Երեւանում 7-րդ հարկից ընկած 3-ամյա փոքրիկը տանը փոքր եղբոր հետ է եղել. նրան շենքի բակում հայրն է գտել
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից ընկած եւ մահացած 3-ամյա երեխան դեպքի պահին տանը իրենից փոքր եղբոր հետ է եղել:
NEWS.am-ի հետ զրույցում շենքի բնակիչները նշեցին, որ երեխաների մայրը փոքրիկներին քնեցրել եւ դուրս է եկել` խանութ գնալու, այդ ժամանակ էլ փոքրիկն արթնացել է, բնակարանի պատուհանը բացել եւ ընկել: Մայրը խանութից վերադարձել է եւ տանը փոքրիկին չի գտել, որից հետո զանգել է ամուսնուն` իմանալու, հնարավոր է, որ այդ ընթացքում ինքն է եկել եւ երեխային դուրս հանել:
«Զանգել է ամուսնուն, հարցրել է, կարող է՝ նա է եկել երեխուն տանից դուրս հանել, հայրն էլ իմանալով, որ երեխան չկա, արագ տուն է եկել եւ շենքի բակ հասնելիս բակում տեսել է ընկած երեխային»,-պատմեց հարեւանուհին` նշելով, որ քանի որ այդ օրը Զատիկ է եղել, հարեւաններից ոչ ոք դրսում չի եղել եւ չի նկատել ընկնող երեխային:
3-ամյա փոքրիկին ծնողները շտապ տեղափոխել են Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո` Երեւանի «Սուրբ Աստվածամայր» մանկական բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը չի հաջողվել փրկել:
Հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ փոքրիկը ծանր պոլիտրավմա է ստացած եղել եւ հիվանդանոցում մահացել է: