Պարզվել են Երևանում վնասազերծված զինված հանցախմբի ֆինանսական աղբյուրները. մեղադրվում է 33 անձ
ՀասարակությունԵրևանում 2015թ. նոյեմբերին վնասազերծված զինված հանցախմբի քրեական գործով նախաքնության ընթացքում պարզվել են զինված հանցախմբի ֆինանսական աղբյուրները: Այս մասին Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը:
«Պարզվել է, թե ֆինանսական միջոցները որտեղից են, հայտնի է ֆինանսավորողը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Մեղադրյալը բնակվում է Հայաստանում, այստեղ է գործունեություն ծավալում, այս պահին այլ տեղեկություն չեմ կարող հաղորդել: Միայն կնշեմ, որ խումբը ֆինասավորվել է 65 հազար ԱՄՆ դոլարով»,-ասաց Միքայել Համբարձումյանը: Նրա խոսքով, պարզվել է նաև, թե զենքերի մեծ մասը որտեղից է ձեռք բերվել, որ զինատեսակի համար որքան գումար է վճարվել: Միքայել Համբարձումյանը տեղեկացրեց, որ բացահայտվել են այն անձինք, որոնցից զենք է ձեռք բերվել: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, գտնվում են կալանքի տակ: Ըստ Միքայել Համբարձումյանի` դրանք արցախյան պատերազմի տարիներից մնացած զենքեր են:
Այն տեղեկատվությունը, թե զինված հանցախմբին աջակցել են նաև իշխանության ներկայացուցիչներ, Միքայել Համբարձումյանը համարեց մերկապարանոց: Նա նշեց, որ գործում ներգրավված գործող պաշտոնյաներ չկան: Քրեական գործով մեղադրվում է 33 անձ: Կան ազատ արձակվածներ: «Ազատ են արձակվել, որովհետև համարեցինք, որ լինելով ազատության մեջ, չեն խոչընդոտի նախաքննական մարմնին, դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցություն չեն գործադրի, չեն խուսափի նախաքննական մարմնից»,-ասաց Միքայել Համբարձումյանը:
Նրա խոսքով, եթե քննությունը շարունակվի նման տեմպերով, ապա այն կարող է ավարտվել 2-3 ամսից: