«Պրոբացիայի մասին» օրենքների նախագծերի փաթեթում կատարվեցին փոփոխություններ և լրացումներ
ՀասարակությունՀՀ կառավարությունը հավանություն տվեց ««Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է նրան, որ այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հետևանքով փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու նկատմամբ պետք է իրականացվի վերահսկողություն, անձի վերասոցիալականացում՝ նրա նկատմամբ հսկողություն, ուղղորդում և աջակցություն իրականացնելու միջոցով:
«Նախագծերի փաթեթը հրատապ ներկայացնելը պայմանավորված է միջազգային պարտավորությունների կատարմամբ և խնդրում եմ այն ճանաչել անհետաձգելի: Թեև նախագծերի փաթեթն անցել է երկարատև քննարկումների փուլ, սակայն, հաշվի առնելով փաթեթի ծավալը, կլինեն հարցադրումներ»,- ասաց նախարարը:
Այդ առումով, նա տեղեկացրեց, որ ԱԺ գործընկերները կարող են ներկայացնել հարցադրումներ՝ ԱԺ-ում առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ցանկացած ձևաչափով քննարկում կազմակերպելու համար, որից հետո վերջնական տեսքով նախագծերի փաթեթը կներկայացվի խորհրդարան: