Ամերիկյան համալսարանի ուսանողները դատապարտեցին Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը
ՀասարակությունՀայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները «Ցեղասպանություն և գրականություն. իսրայելական և հայկական համեմատական հեռանկարները» թեմայով գիտաժողովին իրենց բողոքն արտահայտեցին Իսրայելի` Ադրբեջանին զենք վաճառելու փաստի առնչությամբ: Նրանք Հայաստան ժամանած իսրայելցի մտավորականներին դիմավորեցին «Ամոթ Իսրայելին», «Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը», «Ձեր անօդաչուները սպանում են մեզ» պաստառներով:
«Մենք մեր պաստառներով ուզում ենք հստակ դժգոհություն արտահայտել ոչ թե մեր հյուրերի, այլ Իսրայելի կառավարության և խորհրդարանի դեմ: Մեր հյուրերը շատ հարցերում համախոհ են մեզ հետ: Նրանց կառավարությունը և խորհրդարանը շարունակում են զենք վաճառել Ադրբեջանին:
Նշում ենք, որ անընդունելի այն փաստը, որ իրենց երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա անընդունելի է հատկապես այն դեպքում, երբ Իսրայելը ևս ապրել է ցեղասպանություն»,- նշեց ՀԱՀ ուսանող Սամվե լ Ղարիբյանը:
Նրա խոսքով` Իսրայելը պետք է ոչ թե նպաստի նոր ոճրագործությունների, այլ փորձի խոչընդոտել դրան:
Պաստառներից մեկի վրա գրված էր «Շնորհակալ ենք Յահիր»: Այն ուղղված էր իսրայելացի գիտնական, պատմաբան Յահիր Աուրոնին, ով վարում է հայանպաստ քաղաքականություն: «Ուզում ենք նշել ոչ միայն վատը, այլև լավը: Այս նախաձեռնությունը համալսարանի ուսանողությանն է»,-շեշտեց Սամվել Ղարիբյանը:
«Ցեղասպանություն և գրականություն. իսրայելական և հայկական համեմատական հեռանկարները» թեմայով գիտաժողովի մասնակից Յահիր Աուրոնը շնորհակալություն հայտնեց ուսանողներին` իրենց քայլի համար:
Հայաստանում ապրիլի 13-14-ն անցկացվում է Ցեղասպանություն և գրականություն. իսրայելական և հայկական համեմատական հեռանկարները» թեմայով գիտաժողով, որին մասնակցելու համար մեր երկիր են ժամանել մի շարք իսրայելցի մտավորականներ: