Ոչ մի բանից չբողոքեց, ասաց՝ լավ է. զոհված Արամ Աբրահամյանը ապրիլի 4-ին էր խոսել եղբոր հետ
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Շփման գծում քառօրյա պատերազմի ժամանակ զոհված 19-ամյա Արամ Աբրահամյանը վերջին անգամ եղբոր հետ խոսել էր ապրիլի 4-ի առավոտյան, ասել էր՝ ինքը լավ է, չանհանգստանան: Սակայն ավագ եղբայրը՝ Դերենիկը, զգացել էր, որ եղբոր տրամադրությունն այնքան էլ լավ չէ եւ փորձել զրուցելու միջոցով բարձրացնել նրա տրամադրությունը: Արամը չի կարողացել երկար խոսել, ասել է «ապեր ես քեզ կզանգեմ» ու էլ չի զանգել...
«Ամսի 4-ի առավոտյան էր զանգել էի, անհանգիստ էի, տեղյակ էի, որ վտանգավոր գոտում է, բայց ասաց, որ չանհանգստանամ, լավ է ինքը: Ոչ մի բանից չբողոքեց, ասաց՝ ախպերս մի մտածի, լրիվ նորմալ ա: Մի քիչ խոսեցի, մտածեցի մի քիչ տրամադրությունը բարձրացնեմ, հետո ասաց կզանգեմ ու էլ չզանգեց»,- NEWS.am-ի թղթակցին պատմում է Արամի եղբայրը:
Ավելի ուշ հարազատներն իմացել են, որ հակառակորդի հետ մարտնչելիս Արամենց դիրքերում արկ է ընկել եւ նա զոհվել է. «Իր հետ նաեւ մեր կողքի գյուղից՝ Ոսկեհատից է զինվոր եղել, նա էլ է զոհվել»:
Լավ առաջադիմությամբ դպրոցում աչքի ընկնող Արամը Արտիմետի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո շատ երազանքներ է ունեցել՝ ուսումը շարունակել, աշխատանք գտնել եւ օգնել բազմանդամ ընտանիքին. «Դպրոցն ավարտելուց հետո ռադիոդպրոցում էլ սովորեց, հետո նպատակ ուներ ընդունվել ԵՊՀ՝ ռադիոֆիզիկ էր ուզում դառնալ: Շատ երազանքներ ու նպատակներ ուներ, որոնք մնացին կիսատ: Ուզում էր աշխատեր, օգներ մերոնց, ամուսնանար, երեխաներ ունենար: Ինքը 4-րդ երեխան է, 5 երեխա ենք՝ երկու եղբայր, երեք քույր»:
Նշենք, որ Արամ Աբրահամյանը զոհվել է հակառակորդի հետ կատաղի մարտում` հարենիքը պաշտպանելիս: Նա 2014թ. մարտին էր զորակոչվել բանակ, առաջիկայում պիտի զորացրվեր բանակից: