Նոր Նորք վարչական շրջանի ԵԿՄ հերթական խումբը մեկնել է Արցախի առաջնագիծ
ՀասարակությունԱպրիլյան պատերազմի առաջին իսկ օրերից Երկրապահ կամավորականների հոսքը դեպի առաջնագիծ պարզապես չի դադարում: Ընդամենը երկու օր առաջ Նոր Նորքի վարչական շրջանի ԵԿՄ բաժանմունքից դեպի Արցախ է ուղեւորվել կամավորների հերթական խումբը:
Տեղեկացնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ԵԿՄ կառույցի նախագահ Արամ Պողոսյանը պատերազմի ամենաթեժ օրերից մինչ օրս գտնվում է առաջնագծում:Ինչպես ԵԿՄ վարչության մյուս կառույցների, այնպես էլ վերը նշված վարչական շրջանի կառույցի անդամները մեծ ոգեւորությամբ եւ հոգու կանչով են մեկնել սահման:
Արցախյան հերոսամարտի մասնակիցների՝ այսօր արդեն որպես կամավորներ գրանցվածների նպատակը մեկն է՝ կանգնել սահմանը պահող քաջարի զինվորների կողքին, ոգեշնչել ու սեփական ռազմական փորձն ու գիտելիքները փոխանցել վերջիններիս, հարկ եղած դեպքում ծնկի բերել թուլամորթ թշնամուն, ում զինտեխնիկայի ու բանակի ուժը պատում է միայն խաղաղ բնակիչների վրա, այն էլ կեսգիշերին:
Հավաքվածները տարածքային բաժանմունքից տղաներին ճանապարհել են ծափահարություններով, քանզի նրանց համար երկրի սահմանները պահելը, հերոսաբար ընկած տղաների կիսատ գործը շարունակելը մեծագույն պատիվ է: Վերջիններս ճանապարհ են ընկել հայրենասիրական խրոխտ երգերով եւ բարձր տրամադրությամբ:
Թե՛ Արցախյան պատերազմի, թե՛ այսօրվա մեր հերոսների՝ հայրենիքի նկատմամբ սերը, սրտացավությունն ու նվիրումը խոշոր ներդրում է պատերազմող երկրի ապագա զինվորների հոգեկերտվածքի ձեավորման, ազգային գաղափարախոսության ու էլ ավելի հզոր պետություն կերտելու համատեքստում: Համաժողովրդական կամավորական այս շարժումը դեռ շատ ու շատ սարեր է շուռ տալու …

Սոսե Չանդոյան