Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի անդամները հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀասարակությունՖրանսիան միշտ Հայաստանի կողքին է` չնայած այն փաստին, որ երկու երկրներին բազմաթիվ կիլոմետրեր են բաժանում:
Այս մասին Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցից հետո նշեց Ռոմանի կոնսերվատորիայի տնօրեն Մարի Օրտանս Լակրուան:
«Ֆրանսիան առաջիններից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հայ-ֆրանսիական բարեկամությունը շատ խոր արմատներ և կարևոր նշանակություն ունի: Մեզ կիլոմետրեր են բաժանում, բայց կարևոր է, որ դուք իմանաք, որ Ֆրանսիան միշտ ձեր կողքին է»,-նշեց նա:
Մարի Օրտանս Լակրուայի և Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի ուղեկցությամբ հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի անդամներն ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը, շրջեցին թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայաստանի պատմությանը: Պատանի երաժիշտներից շատերը չկարողացան զսպել արցունքները` Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցից հետո:
«Շատ կարևոր է, որ մեր երեխաները իմանան պատմությունը: Մենք արդեն հասցրել ենք այցելել Մատենադարան: Աշակերտները շատ տպավորված էին Մատենադարանի հարստությամբ և բազմազանությամբ»,-շեշտեց Ռոմանի կոնսերվատորիայի տնօրենը: