Հայ նկարիչները հնարավորություն կստանան մասնակցելու անկախության 25-ամյակին նվիրված մրցանակաբաշխությանը
ՀասարակությունՀայ նկարիչները հնարավորություն կստանան մասնակցելու ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանին նվիրված կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների 2016թ. մրցանակաբաշխությանը: Այս մասին ապրիլի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը` տեղեկացնելով, որ ամենամյա մրցույթը կազմակերպում են Ռուսաստանի հայերի միությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը` ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:
«Ինչպես և նախորդ տարիներին, լավագույն աշխատանքները կընտրվեն հանրապետական ցուցահանդեսից, որն այս տարի կբացվի սեպտեմբերի 17-ին: Այն նվիրված կլինի անկախության 25-ամյակին: Ժյուրիի ընտրությամբ կհանձնվեն մրցանակները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Կարեն Աղամյանը:
Նա շեշտեց, որ ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս ակնկալվում է, որ մասնակիցների թիվը 150-ից ոչ պակաս կլինի: Նկարիչների միության նախագահի խոսքով` մրցանակային ֆոնդը 5,5 միլիոն դրամ է:
«Մեկ տարվա ընթացքում միությունում 45-50 ցուցահանդես է կազմակերվում, իսկ հանրապետական ցուցահանդեսին մասնակցում են գրեթե բոլոր անդամները»,-ընդգծեց նա: Ընդհանուր առմամբ` մոտ 10 դրամական մրցանակ կտրվի գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ կիրառական արվեստ անվանակարգերում:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի նկարիչների միության անդամները` Հայաստանից եւ Արցախից, ինչպես նաև սփյուռքահայ նկարիչները:Մրցանակները կտրվեն միայն Հայաստանի անկախության 25-րդ տարելիցին նվիրված թեմատիկ աշխատանքներին: Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի նկարիչների միություն սեպտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում: Արդյունքները կհրապարակվեն հոկտեմբերին: