«Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքում Ցեղասպանության տարիների 10 նամակներ են և 100 տարի անց գրված պատասխաններ
ՀասարակությունՀՀ մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ, Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հրատարակել է «Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրն ամփոփող համանուն պատկերագիրքը: Պատրաստվել է նաև 2015 թ. հունիսին Արևմտյան Հայաստան կատարված ուխտագնացության մասին պատմող «Մենք կգանք» տեսաֆիլմը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. ««Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով պատկերագիրքը ներառում է Հայոց ցեղասպանության տարիներին գրված անպատասխան տասը նամակ և 100 տարի անց դրանց ուղղված պատասխան-արձագանքներ` հայ և օտարազգի անվանի գործիչների կողմից` նամակներ, կերպարվեստի գործեր, բացառիկ նյութեր և արխիվային լուսանկարներ։
Պատկերագրքի երկրորդ բաժնում ներկայացված են Հայոց ցեղասպանության վավերագրերի թեմաներով «Անցյալը` ներկայում» կերպարվեստի աշխատանքների մրցույթի լավագույն քսան վավերաքանդակներն ու վավերանկարները: Պատկերագրքում ընդգրկվել են մեկ տասնյակից ավելի հեղինակների աշխատանքներ` թեմատիկ հոդվածներ և մտորումներ: «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքի գաղափարի և «Մենք կգանք» ստեղծագործության հեղինակը` համալիր ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանն է:
Ս. թ. ապրիլի 22-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացավ «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքի և «Մենք կգանք» տեսաֆիլմի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը և այլք: Շնորհանդեսի պատվավոր հյուրերն էին Տիգրան Մանսուրյանը, Սերժ Ավետիքյանը, Հասմիկ Պապյանը, Վերժինե Սվազլյանը և ուրիշներ:
Առանձին ելույթներից բացի, շնորհանդեսի ժամանակ անվանի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Սերժ Ավետիքյանը կարդաց Հայոց ցեղասպանության նահատակ հայ մտավորական գործիչ Գարեգին Խաժակի վերջին ճառը, որով նա հրաժեշտ է տվել իր բանտակից ընկերներին` անխուսափելի մահապատժից առաջ:
Այնուհետև, տեղի ունեցավ պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողություն, որից հետո էլ ցուցադրվեց «Մենք կգանք» տեսաֆիլմը: Շնորհանդեսի շրջանակում ցուցադրվեց նաև «Անցյալը` ներկայում» խորագրով կերպարվեստի մրցույթի մասնակիցների` Արևմտյան Հայաստանը ներկայացնող էսքիզների հավաքածուն, որը ներառված է «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքում»: