Քաղաքապետարանից այցելել են Երևանում բնակվող վերապրածներին
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ավանդույթի համաձայն այցելել է Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին: Նրանց թիվը, ցավոք, տարեցտարի նվազում է, և այսօր մայրաքաղաքում բնակվում է ցեղասպանությունը վերապրած 3 մարդ՝ Սիլվարդ Ատաջյանը, Անդրանիկ Մաթևոսյանը, Մարգարիտա Մխիթարյանը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ամեն տարի ավանդույթի համաձայն մենք այցելում ենք Մեծ եղեռնը վերապրած մեր համաքաղաքացիներին, բայցև նշեմ, որ նրանք մեր մշտական ուշադրության կենտրոնում են և մշտապես փորձում ենք ըստ ամենայնի աջակցել նրանց», - նշել է Ռուզաննա Զաքարյանը:
Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակների հարազատները շնորհակալությունն են հայտնել ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար: