«Չինարեն լեզվի կամուրջ» մրցույթին մասնակցում են հայ ուսանողներ և աշակերտներ
Հասարակություն«Չինարեն լեզվի կամուրջ» համաշխարհային 15-րդ մրցույթի հայաստանյան փուլին այս տարի մասնակցում են ոչ միայն ուսանողներ, այլև դպրոցականներ: Այս մասին մրցույթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը:
«Հերթական անգամ անցկացվում է «Չինարեն լեզվի կամուրջ» համաշխարհային 15-րդ մրցույթի համահայկական փուլը, որն արդեն երրորդ անգամ տեղի է ունենում ուսանողների և առաջին անգամ դպրոցականների շրջանում: Մրցույթը վերաբերում է չինարենին, առաջին հերթին լեզվին. ուսանողները և աշակերտները հանդես են գալու մենախոսությամբ, չինարեն պատասխանելու են ժյուրիի հարցերին»,- նշեց Գոռ Սարգսյանը:
Մրցույթի հայաստանյան փուլին մասնակցում է 8 ուսանող և 6 աշակերտ: «Առաջին տեղը զբաղեցրած աշակերտն ու ուսանողը մեկնելու են Չինաստան` մասնակցելու «Չինարեն լեզվի կամուրջ»-ի համաշխարհային փուլին: Երկրորդ տեղերը գրավածները նույնպես կմեկնեն` որպես դիտորդ»,-տեղեկացրեց Գոռ Սարգսյանը:
Մրցույթի մեկնարկին մասնակիցներին ողջունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:
«Մեկնարկում է չինարենի թվով երրորդ մրցույթը: Սա առաջին մրցույթն է, որին մասնակցում են հայ դպրոցականները: Սա վկայում է Հայաստանում չինարենի և չինական մշակույթի նկատմամբ աճող հետաքրքրության մասին: Օգտվելով առիթից ` ուզում եմ նշել, որ նման հետաքրքրությունը երկկողմ է. նախորդ տարի Չինաստանում բացվել է հայագիտության առաջին կենտրոնը, իսկ երկու բուհերում հայերեն են ուսումնասիրում»,-շեշտեց դեսպանը:
«Չինարեն լեզվի կամուրջ» համաշխարհային 15-րդ մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպիչը ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունն է: Համակարգողն է ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտը: Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան ապրիլի 28-ին ուշ երեկոյան: