Սեւանի ափամերձ անտառները ծառերից եւ թփերից կմաքրվեն 94 հեկտար տարածքում
ՀասարակությունՍեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկման ենթակա անտառային տարածքներում այս տարի մաքրման աշխատանքներ կիրականացվեն 94 հեկտարի վրա:
Ինչպես տեղեկացրեց մաքրման աշխատանքներ իրականացնող «Ճաքմբարակի ՃՇՇՁ» ՓԲԸ տնօրենԱրարատ Քոչարյանը, անտառները ծառերից, արմատներից, թփերից եւ բուսական այլ համակցություններից կմաքրվի պետբյուջեից տրամադրված 122 միլիոն 839 հազար դրամի հաշվին:
Աշխատանքները կիրականացվեն «Սեւան ազգային պարկ»-ի Նորատուսի մասնաճյուղի Հայրավանք, Գավառ, Նորատուս տեղամասերում:
«46,8 հեկտար անտառային տարածք կմաքրվի Հայրավանքի, 28,65 հեկտար՝ Գավառի եւ 18,28 հեկտար՝ Նորատուսի տեղամասերում: Մաքրման աշխատանքները կմեկնարկեն մայիսի 5-ին եւ կշարունակվեն մինչեւ տարեվերջ: Դրանք կիրականացվեն ինչպես ջրում, այնպես էլ՝ ցամաքում»,-հավաստեց տնօրենը: Անտառմաքրման աշխատանքներում ընդգրկված է 8 միավոր տեխնիկա եւ 6 բանվոր: