Բոննում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես
Հասարակություն«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ գերմանական Բոնն քաղաքի ցուցասրահում 2016 թվականի ապրիլի 17-ից մայիսի 5-ը տեղի ունեցել «Տիգրան Կիրակոսյան. վերադարձ դեպի ներկա» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թվականից իրականացված Հայոց ցեղասպանությանը: «Ցուցահանդեսում ներկայացացված էր արվեստագետ Տիգրան Կիրակոսյանի 17 մենատիպ և 1 չոր ասեղ տեխնիկայով արված աշխատանքները, որոնք ներկայացնում էին գեղարվեստական տպագրության ճյուղը: Երեք շաբաթվա ընթացքում ունեցանք 120 այցելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մշակույթների երկխոսության» տնօրեն Սոնա Հովսեփյանը: Նրա խոսքով` այս ցուցահանդեսի շնորհիվ օտարազգի այցելուները հնարավորություն են ունեցել տեղեկություն ստանալ Հայոց ցեղասպանության մասին: Սոնա Հովսեփյանի տեղեկացմամբ` ապագայում նախատեսվում է նման ցուցահանդես կազմակերպել նաև Երևանում:
«Տիգրան Կիրակոսյան. վերադարձ դեպի ներկա» ցուցահանդեսը «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և գերմանական Բոնն քաղաքի մշակութային կառույցների համագործակցությամբ կազմակերպված երրորդ միջոցառումն է: