Նիդերլանդներում և ԱՄԷ-ում տեղի են ունեցել Մեծ Հայրենականին նվիրված միջոցառումներ
ՀասարակությունՆիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում մայիսի 9-ին տեղի են ունեցել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 71-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցել են Հաագայում հավատարմագրված մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի, դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, ինչպես նաև Ուտրեխտի նահանգում Թագավորի հանձնակատարը, Ամերսֆորտի քաղաքապետը, Նիդերլանդների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները, պաշտոնյաներ, վետերաններ, ազգային համայնքների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, «Կուդրիստ» համակենտրոնացման ճամբարի մոտ տեղադրված հուշարձանին ծաղկեզամբյուղներ տեղակայելուց հետո միջոցառման մասնակիցները շարժվել են դեպի «Ռուստհոֆ» հուշահամալիր, որտեղ ամփոփված են խորհրդային 865 զինվորի աճյուններ:
Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, այդ թվում ՝ ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի և քաղաքային իշխանությունների ու հուշահամալիրի ղեկավարության կողմից ծաղկեպսակներ են զետեղվել Խորհրդային զինվորների փառքի հուշարձանին և ծաղկեզամբյուղներ՝ Դաշնակից զորքերի օդաչուների հուշարձանին:
Մայիսի 9-ին Դուբայի «Մադինաթ Արենա» հյուրանոցում ևս անցկացվել է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 71-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են ԱՊՀ երկրների դեսպանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄԷ պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, շուրջ հինգ հարյուր հյուրեր: Միջոցառման սկզբում կարճ ելույթներ են ունեցել մասնակից երկրների դեսպանները՝ ներկայացնելով իրենց երկրների լուման Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակում: