Հրաձգության Հայաստանի առաջնությունում նոր ռեկորդներ են սահմանվել
ՀասարակությունԵրեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից ժամանակ օդամղիչ հրացանով Հրաչ Բաբայանը եւ Մարիամ Միքայելյանը սահմանել են հանրապետության նոր ռեկորդ, իսկ Հայկ Բաբայանը` եզրափակչի ռեկորդ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Oդամղիչ հրացան` տղաներ, 60 կրակոց ձեւում առաջին տեղում 620,9 արդյունքով Հայկ Բաբայանը էր: Այստեղ եռյակում ընդգրկվեցին նաեւ Հայկազ Քանքանյանը եւ Վրեժ Թորոսյանը: Նույն մրցաձեւի աղջիկների պայքարում լավագույն արդյունքներ գրանցեցին Մարիամ Միքայելյանը, Ալլա Պողոսյանը եւ Անուշ Նալբանդյանը:
Օդամղիչ ատրճանակ` 60 կրակոց տղաների մրցապայքարում 198,8 արդյունքով առաջին տեղում Սեւակ Արշակյանն էր, երկրորդ տեղում` Զավեն Իգիթյանն էր 153,1 արդյունքով, իսկ եռյակի վերջում Բենիկ Խլղաթյանն էր` 173,5 արդյունքով: Աղջիկների վարժությունում Էլմիրա Կարապետյանը 195,9 արդյունքով առաջին հորիզոնականում էր: Երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխամաբար զբաղեցրեցին Գոհար Դանիելյանը եւ Աստղիկ Ղուկասյանը:
Օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք վարժությունում Հովհաննես Խաչատրյանն առաջին տեղում էր, նրան հաջորդում էին Հովհաննես Մարգարյանը եւ Ռազմիկ Մինասյանը: Աղջիկների պայքարում լավագույն եռյակում էին Գոհար Հարությունյանը, Մարգարիտա Մոսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:
Օդամղիչ հրացան` վազող թիրախ, խառը վազքում լավագույն միավորներ հավաքեց Հովհաննես Խաչատրյանը: Երկրորդ տեղում Ռազմիկ Մինասյանն էր, իսկ երրորդը` Շանթ Սարգսյանը: Աղջիկների վարժությունում մրցանակային տեղերում էին Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լաուրա Ավետիսյանը: