Ղազախստանի Ատիրաու քաղաքի հայերը խաչքար են տեղադրել
ՀասարակությունՂազախստանի Ատիրաու քաղաքում մայիսի 14-ին տեղի է ունեցել Աստվածամոր հայտնության տաճարի բակում տեղադրված խաչքարի օրհնության արարողություն՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու Ուրալի և Ակտյուբինսկի թեմի արքեպիսկոպոս Անտոնիի կողմից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, արարողությանը ներկա են եղել մեծ թվով հայ և տեղացի քաղաքացիներ, մարզի իշխանության, ռուսական, վրացական, թաթարական, չեչեն-ինգուշական, կորեական համայնքների ղեկավարները, ինչպես նաև Ակտաուի, Ակտոբեի, Օրալի, Ուրալսկի հայկական մշակութային կենտրոնների նախագահները:
Հաղորդագրությունում նաև նշված է. «Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու առաջնորդ Տեր Մարկոս Սարգսյանը, Ատիրաուի «Տավրոս» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Գագիկ Պլուզյանը:
Միջոցառմանը հետևած մշակութային ծրագրում ներկայացվեցին հայկական, ռուսական, վրացական, չեչեն-ինգուշական համայնքների պարախմբերի, երգչախմբերի կատարումներ:
Նույն օրը դեսպան Արա Սահակյանը աշխատանքային հանդիպում ունեցավ մարզի ակիմ Նուռլան Նոգաևի հետ: Դեսպանն ընդգծեց տարբեր ոլորտներում հայ-ղազախական ապակենտրոնացված համագործակցությունը զարգացնելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ գործարար կապերի աշխուժացմանն ուղղված նախաձեռնություններին»: