Լվովում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետքերով. կողմերը հաշտվել են
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Մայիսի 16-ին Ուկրաինայի Լվով քաղաքում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները քննարկելու համար այսօր՝ մայիսի 19-ին, հանդիպել են Ուկրաինայի հայկական եւ ադրբեջանական համայնքների ղեկավարները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Լվովի հայկական համայնքի ղեկավար Նիկոլայ Քոչարյանը:
«Հանդիպել ենք, հաշտվել ենք: Հաջորդ շաբաթ եւս մտադիր ենք հանդիպել՝ քննարկելու խնդիրները: Այս պահին ամեն ինչ լավ է»,- ասաց Նիկոլայ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն անցկացվող Կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ զանգվածային բախում է տեղի ունեցելՀայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ:
Արցախցի Դավիթ Պետրոսյանի մեծ առավելությամբ անցած մենամարտի վերջնամասում Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել հայ մարզիկին, որի վրա թիկունքից հարձակվել է նաեւ ռինգում գտնվող նրա ադրբեջանցի մրցակիցը: Դրանից հետո ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվել են Հայաստանի հավաքականի անդամների վրա:
Նշենք, որ հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ եւ 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է:
Մայիսի 16-ին, ըստ լրատվամիջոցների, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի է ունեցել բախում:
Բախումներից հետո իրավիճակը Լվովում բավականին լարված էր: