Մեղրիի և Ագարակի գազաբաշխիչ ցանցի կառուցման շինաշխատանքները կավարտվեն 6-7 ամսվա ընթացքում
ՀասարակությունՄեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են և դրանք նախատեսվում է ավարտել 6-7 ամսվա ընթացքում: Այդ մասին կառավարոության նիստում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
Ծրագրի շրջանակում վճարումներն իրականացնելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում՝ ծրագիրը ներառելով 2016թ. պետբյուջե: Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրվել է ԻԻՀ կողմից ՀՀ-ին զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում Իրանը տրամադրել է 2 մլն դոլար, որպես դրամաշնորհ Հայաստանում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար:
«Հայկական կողմն իր վրա է վերցրել հուշագրի շրջանակում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Քննարկումների և բանակցությունների արդյունքում 2015թ. հոկտեմբերից իրանական կողմը վերսկսել է ծրագրի ֆինանսավորումը և ծրագրի գլխավոր կապալառու «Սաներջի» ընկերության կողմից շարունակվել և ավարտվել են համապատասխան սարքերի, սարքավորումների և նյութերի մատակարարումներն Իրանից: Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են և դրանք նախատեսվում է ավարտել 6-7 ամսվա ընթացքում»,-ասաց Յոլյանը: